Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Championat-ին տված հարցազրույցում խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումների կարևորության մասին:
Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը կխաղա Թուրքիայի (սեպտեմբերի 8) և Խորվաթիայի (սեպտեմբերի 11) հավաքականների հետ։
«Ազգային հավաքականին երկու շատ դժվար խաղ է սպասվում։ Թերևս ամենակարևորները, քանի որ մենք երկրորդ տեղում ենք։ Մեզ երեք միավոր է պետք Թուրքիային հասնելու համար, և առաջին խաղը նրանց հետ ենք՝ դրսում։ Մեզ համար այս հանդիպումը շատ կարևոր է և շատ բան է նշանակում։ Պետք է արագ միանանք խաղին: Գիշերը կլքեմ Կրասնոդարը, իսկ առավոտյան արդեն թռիչքս է»,- ասել է Սպերցյանը:
Հայաստանի հավաքականը D խմբում 6 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջին տեղում Թուրքիայի հավաքականն է (9)։
























































