Իսպանական «Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո «Պապու» Գոմեսի հետ պայմանագիրը խզելու մասին։
«Սևիլիան» շնորհակալություն է հայտնում Պապու Գոմեսին կատարած աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Արգենտինացու պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը, սակայն այժմ կիսապաշտպանն ազատ խաղացողի կարգավիճակ է ստանում:
Ընդհանուր առմամբ, Գոմեսը «Սևիլիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 90 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանական ակումբի կազմում արգենտինացի ֆուտբոլիստը հաղթել է Եվրոպայի լիգայում։
























































