Օլեգ Պոլյակովը «Ուրարտուի» պատմության ամենաշատ՝ 85 հանդիպում անցկացրած այլազգի ֆուտբոլիստն է: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
32-ամյա Պոլյակովը գերազանցել է Ուգոչուկվու Իվուի ռեկորդային ցուցանիշը, որը Հայաստանի առաջնություններում թիմի կազմում 84 խաղ էր անցկացրել:
Ռուս կիսապաշտպանը խոսել է նվաճման մասին:
«Մենք նոր պատմություն ենք կերտում: Պետք է շարունակել ու ավելին տալ, փորձել օգնել ակումբին այն ամենով, ինչով կարող ենք։ «Ուրարտուն» ինձ համար տան նման է, քանի որ այսքան երկար ոչ մի ակումբում չեմ խաղացել, և այստեղ արդեն չորրորդ մրցաշրջանն եմ անցկացնում։ Իմ որդին նույնպես մեր ակումբի ակադեմիայում է մարզվում։ Շատ կուզեի, որ նա ինձնից լավ հանդես գար, և, ինչու ոչ, հասներ ակումբի գլխավոր թիմ»,- ասել է Պոլյակովը: