Ճապոնացի դարպասապահ Զիոն Սուզուկին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկն ու որոշել է կարիերան շարունակել բելգիական ակումբում։
Manchester Evening News-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել էր Սուզուկիի թիմի՝ «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» հետ, ֆուտբոլիստի վարձակալության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, դարպասապահը որոշել է կարիերան շարունակել Բելգիայի Պրոֆեսիոնալ լիգայում, որտեղ ավելի հավանական է, որ կանոնավոր խաղաժամանակ կստանա:
Սուզուկին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է բելգիական «Սենտ Տրյուդեն», որտեղ հանդես է գալիս Ճապոնիայի հավաքականի ևս մեկ դարպասապահ՝ Դանիել Շմիտդը։ Հատկանշական է, որ «Սենտ Տրյուդենում» հանդես է գալիս ճապոնացի 8 ֆուտբոլիստ, որոնցից ամենահայտնին, թերևս, Շինձի Օկազակին է, ով ժամանակին խաղացել է «Լեսթերում»։
«Յունայթեդը» ցանկանում էր ձեռք բերել Սուզուկիին որպես Անդրե Օնանայի փոխարինող, քանի որ թիմի երկրորդ դարպասապահ Դին Հենդերսոնը կարող է լքել ակումբը։
Սուզուկին 2022 թվականին նորամուտն է նշել Ճապոնիայի հավաքականի կազմում։























































