Լոնդոնի «Չելսին» չի պատրաստվում պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի հետ: Պատճառն աշխատավարձն է, որը մեծ ազդեցություն կթողնի «կապույտների» ընդհանուր աշխատավարձային ֆոնդի վրա:
Ակումբը պատրաստ էր վարձավճարով վերցնել 23-ամյա ֆուտբոլիստին, բայց թուրինցիները համաձայն չեն նման պայմանների: Վլահովիչի տրանսֆերի գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշենք, որ Վլահովիչը «Յուվենտուսում» խաղում է 2022-ի հունվարից: Իտալական ակումբը պատրաստ է սերբ ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկների համար, որպեսզի կայունացնի իր ֆինանսական վիճակը, նաև ֆուտբոլիստն էլ «ծեր սինյորայի» կազմում չի ցուցադրում այն խաղամակարդակը, որն ուներ «Ֆիորենտինայում»: Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026-ի ամառ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի երկրպագուները Վլահովիչին սպառնացել են կտրել մատները, եթե նա տեղափոխվի փարիզյան ակումբ:























































