«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը չի կարողանա մասնակցել ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղին վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է անգլիական թիմի մամուլի քարտուղարությունը:
Ֆրանսիացի դարպասապահն աճուկի վնասվածք է ստացել ու բաց կթողնի այս խաղը: Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեմբերին Լյորիսն Անգլիայի առաջնության հերթական տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում (0:3) արմունկի վնասվածք էր ստացել: Խաղի ժամանակ նա անհաջող ընկել էր ձախ ձեռքի վրա, ինչի արդյունքում վնասվածք էր ստացել: Լյորիսն այս տարվա հունվարին էր վերադարձել մարզումներին:
ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Տոտենհեմ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 1-ին, և կմեկնարկի ժամը 18:00-ին: «Տոտենհեմը» դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
Պաուլո Գասանիգա, Բեն Դևիս, Ջաֆեթ Տանգանգա, Դևինսոն Սանչես, Սերժ Օրյե, Դելե Ալի, Հարի Ուինքս, Էրիկ Դայեր, Ջովանի Լո Չելսո, Լուկաս Մոուրա, Սթիվեն Բերգվեյն: