«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին դժգոհ է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից։ Քառորդ եզրափակիչում նեապոլիտանացիները կհանդիպեն «Միլանի» հետ:
«Ես կնախընտրեի չհանդիպել իտալական թիմի հետ։ Արդեն լսել եմ որոշ խոսակցություններ: Միայն ֆուտբոլում ոչ կոմպետենտ մարդիկ են ասում, որ սա լավ վիճակահանություն է մեզ համար, քանի որ «Միլանը» Չեմպիոնների լիգայում իրեն զգում է ինչպես տանը։
Նրանք յոթ անգամ հաղթել են մրցաշարում և զիջում են միայն «Ռեալին»: Ավելորդ է ասել, որ միայն նրանց տնօրեն Պաոլո Մալդինին նվաճել է գավաթը հինգ անգամ:
Վերջին մի քանի օրերին ես կարդում էի, որ ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» նման այլ թիմեր դժվարությամբ են հասնում մինչև վերջ, քանի որ նրանք չունեն եվրոպական փորձ: Եթե այն, ինչի մասին գրում են, ճիշտ է, ապա պետք է ասել, որ «Միլանը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
























































