Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլի»-«Այնտրախտ» պատասխան հանդիպումից առաջ Նեապոլում անկարգություններ են տեղի ունենում։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, գերմանական ակումբի մոտ 600 երկրպագուներ կոնֆլիկտի մեջ են մտել տեղի ոստիկանության հետ, իսկ այդ հարցում նրանց օգնում են «Ատալանտայի» ուլտրասները։
Կոնֆլիկտի հիմնական պատճառը Ֆրանկֆուրտի բնակիչ հանդիսացող երկրպագուների նկատմամբ արգելքն է ներկա գտնվել Նեապոլում կայանալիք «Նապոլիի» հետ հանդիպմանը։ Ի պատասխան՝ գերմանացի երկրպագուները վիրավորական վանկարկումներով երթ են կազմակերպել քաղաքում, որից հետո բախվել են տեղի իրավապահ մարմինների հետ։ Դրանում նրանց օգնում են «Ատալանտայի» երկրպագուները, որոնք «Նապոլիի» գլխավոր մրցակիցներն են։
Մոտ 200 նեապոլցի երկրպագուներ փորձել են դիմակայել «Այնտրախտի» երկրպագուներին, սակայն տեղի ոստիկանությանը հաջողվել է կանխել բախումները ուլտրասների միջև։ Մտավախություն կա նաև, որ Բերգամոյի ակումբի երկրպագուները կարող են օգնել «Այնտրախտի» երկրպագուներին ներթափանցել Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ, որտեղ կկայանա հանդիպումը: