Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ (7-0):
«Ման․Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խփեց յոթ գոլերից հինգը (որոնցից մեկը՝ 11 մետրանոցից)։ Մեկական գոլ էլ խփեցին կիսապաշտպաններ Իլկայ Գյունդոգանը և Կևին Դե Բրույնեն։
Թիմերի միջև առաջին խաղը Լայպցիգում ավարտվել է ոչ-ոքի (1-1): Այսպիսով, Գվարդիոլայի թիմը հաղթեց ընդհանուր 8-1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Ի դեպ, Հոլանդը հերթական ռեկորդներն է գրանցել․ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ նա ամենաարագն է 33 գոլ է խփել այս մրցաշարում։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լայպցիգի» հետ խաղում 5 գոլի հեղինակ է դարձել։ Նորվեգացին մրցաշարում անցկացրած 25 խաղում հասել է 30 գոլի նշագծին (33 գոլ ունի արդեն իր ակտիվում)․ մինչ այժմ ոչ ոք չէր կարողացել երեք տասնյակ գոլ խփել ՉԼ-ում այդքան կարճ ժամանակահատվածում: Նա դարձավ նաև ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 30 և ավել գոլ է խփել ՉԼ-ում՝ 22 տարեկան 236 օրական հասակում։
Բացի այդ, նորվեգացի հարձակվողը կրկնեց Լիոնել Մեսսիի ռեկորդը (Բարսելոնա – Բայեր՝ 7-1)՝ դառնալով երկրորդ խաղացողը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մեկ խաղում հինգ գոլ է խփել։ Չեմպիոնների լիգայի խաղում Լուիս Ադրիանոն ևս կարողացել է հինգ գոլ խփել։ Սակայն դա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր» — ԲԱՏԷ խաղում էր (7-0):