«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, որն ավելի վաղ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, մանրամասներ է պատմել Նեյմարի՝ կատալոնական ակումբից ՊՍԺ տեղափոխության մասին։ Նա հայտարարել է ՝ բրազիլացին իսպանական թիմի ֆուտբոլիստներին վստահեցնում էր, որ մնում է, սակայն փարիզյան թիմ տեղափոխվելու որոշումը կայացրել է Նեյմարի ընտանիքը․
«Այս մասին այնքան էլ չեմ սիրում խոսել, բայց երբ արդեն եկավ ժամանակը, մենք հավաքվեցինք ու գնացինք նրա հետ խոսելու․ «Նեյ, եթե դու ցանկանում ես հաղթել, մնա այստեղ՝ մեզ հետ»,- ասացինք նրան։
Նա լսեց մեզ ու ասաց․ «Այո, այո։ Ես ցանկանում եմ մնալ»։ Հետո եղավ այն, ինչը դժվար է վերահսկել։ Մենք՝ որպես ընկերներ, նրան խորհուրդ տվեցինք մնալ, բայց որոշումը կայացրեց նրա ընտանիքը։ Մենք ասում էինք․ «Նեյմար, Անգլիայում քեզ համար ավելի լավ կլինի։ «Մանչեսթեր Սիթին» լավ ֆուտբոլ է ցուցադրում, բայց Ֆրանսիա՞»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Placar-ը։
Նեյմարը 2017 թվականին է հեռացել «Բարսելոնայից»։ Նրա տեղափոխությունը ՊՍԺ դարձել է ամենաթանկարժեքը ֆուտբոլի պատմության մեջ․ ֆրանսիական ակումբը 222 մլն եվրո է վճարել խաղացողի համար։