«Այնտրախտի» մարզիչ Օլիվեր Գլասները բարձր է գնահատել իր թիմի ցուցադրած խաղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» հետ խաղում (0:2).
Գերմանական ակումբը հանդիպումն ավարտեց տասը հոգով. 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։
«Նման պայմաններում 0-2 հաշվով պարտությունն այնքան էլ վատ արդյունք չէ։ Մենք դեռ կարող ենք ավելի հեռուն գնալ: Շանսերը փոքր են, բայց դեռ կան։
Պարզապես պետք է ավելի քիչ սխալներ թույլ տանք։ Բայց մենք որպես զբոսաշրջիկ չենք գնա արտագնա հանդիպման։ Եթե առաջինը գոլ խփենք ու հաշվի մեջ առաջ անցնենք, ամենայն հավանականությամբ նրանք կնյարդայնանան, և իրադարձությունների այս զարգացմամբ մենք հնարավորություն կունենանք։
Մենք լավ սկսեցինք, բայց դա մեր երեկոն չէր: Մեր ֆուտբոլիստները փորձեցին, արեցին հնարավոր ամեն ինչ, բայց դա բավարար չէր։ Մենք կփորձենք հաղթել հաջորդ խաղում և լավ մարզվել, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































