ԲԿՄԱ-ի մարզիչ Մխիթար Դավիդյանը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Ո՞ր առաջնությունն է համապատասխանում Սպերցյանի խաղաոճին։ Իսպանիայի առաջնություն․ Լա լիգայի թոփ ակումբները ամենահարմարն են։ Էդուարդը շատ կրեատիվ ու խելացի ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ Իսպանիայի առաջնությունն այն է, ինչ նրան պետք է։ Եթե նույնիսկ վերցնենք Անգլիան, ապա, իմ կարծիքով, Սպերցյանը Գվարդիոլայի հետ չէր կորչի «Մանչեսթեր Սիթիում»։ Որովհետև Պեպը խթանում է այն ֆուտբոլը, որը մոտ է Էդուարդին իր խաղաոճով և ինտելեկտով: Բայց «Մանչեսթեր Սիթիում» ֆուտբոլը, կոպիտ ասած, անգլիական չէ: Գվարդիոլայի հետ նա չէր կորչի, այլ ավելի կբացահայտեր իր ներուժը»,- Դավիդյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
22-ամյա Սպերցյանը «Կրասնոդարում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։