ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանը 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում:
10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար: 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում ևս Միքայելը շատ մոտ է եղել մեդալակիր դառնալուն:
Միքայել Միքայելյանն ավելի վաղ հանդես է եկել նաև 1500 մետր սպրինտի որակավորման փուլում, որտեղ ելույթն ավարտել է 13-րդ հորիզոնականում՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:
Հունվարի 18-ին պայքարի է դուրս եկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Հսկա ոլորավայրէջքի մրցումներում նա 93 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը, իսկ հունվարի 21-ին հանդես կգա ոլորավայրէջքում:
Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը պայքարի դուրս կգա հունվարի 21-ին: Ի դեպ առաջին անգամն է, որ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում սնոուբորդի միջազգային մրցումներում: