Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում առաջին անգամ է անցկացվում ծանրամարտի աշխարհի առաջնություն: Մրցավայր են մեկնել մեծ թվով մարզիկներ՝ 13 օլիմպիական չեմպիոն և 15 համաշխարհային ռեկորդակիր: Նրանք Փարիզի օլիմպիական խաղերի ճանապարհին հանդես են գալիս նոր քաշային կարգերում:
«Ճանապարհը դեպի Փարիզ սկսվում է այստեղից, երբ մենք շարժվում ենք դեպի նոր ապագա: 93 երկրների թիմեր են ներկայացել առաջնությանը: Նախապատրաստական խնդիրները, ճանապարհորդության և վիզայի հետ կապված դժվարությունները և այլ պատճառներ շատերին թույլ չեն տվել ներկայանալ ստուգատեսին: 709 հայտավորվածներից մրցավայր է ժամանել 537 պատվիրակ», — ասել է IWF-ի նախագահ Մուհամմեդ Ջալուդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր երկրից մրցաշարում մեդալների համար կպայքարեն 12 մարզիկ – մարզուհիներ: Նրանցից առաջինը ծանրահարթակ կմտնի Իզաբելա Յայլյանը: