Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով.
«Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալը բերել Հայաստան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, մեր ֆեդերացիայի նախագահին, իմ ընկերներին և բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին լումա ունեն իմ այս հաղթանակի մեջ: Միշտ այնպես ենք անելու, որ մեր դրոշը բարձրացնենք վերև և բարձր պահենք մեր երկրի պատիվը:
Աշխարհի առաջնություններից մեդալ չունեի, և հիմա հաջողվեց միանգամից ոսկե մեդալ նվաճել: Օլիմպիական խաղերից ունեմ բրոնզե մեդալ, ձգտելու եմ Օլիմպիական ոսկին նվաճել: 2023 թվականը կարևոր տարի է լինելու՝ Օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռքբերելու առումով: Երբ վարկանիշը ձեռք բերենք, կսկսենք նախապատրաստվել Փարիզի 2024 թվականի Խաղերին»:
Հիշեցնենք՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, իսկ 38-ամյա Հարություն Մերդինյանը երրորդ տեղն է զբաղեցրել՝ կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր: