Կիլիան Մբապեն հնարավորություն ունի խզելու ՊՍԺ-ի հետ պայմանագիրը։ Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ն կեղծ օգտահաշիվներ է բացել՝ քննադատելու ֆուտբոլիստին։
Իրավաբան Տատյանա Վասինը, որը մասնագիտացած է սպորտային իրավունքի գծով, նշել է, որ ակումբի և խաղացողի միջև պայմանագրի խզումը թույլատրելի է, եթե մեղադրանքն ապացուցվի։
«Աշխատանքային պայմանագրով կապված կողմերից յուրաքանչյուրն ունի հավատարմության պարտավորություն, որը համարժեք է բարեխղճության պարտավորությանը, որն առկա է բոլոր պայմանագրերում։ Այս պարտավորությունը պահանջում է, որ և՛ աշխատողը, և՛ գործատուն արդարացիորեն կատարեն միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունները և, իհարկե, առանց մեկը մյուսին վնաս պատճառելու:
Պրոֆեսիոնալ խաղացողները իրենց ակումբի հետ կապված են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով: Այս տեսակի պայմանագիրը կարող է խզվել միայն հատուկ դեպքերում, ինչպիսիք են լուրջ զանցանքը: Օրինակ, դա կարող է տեղի ունենալ ֆիզիկական, բանավոր բռնության կամ խոսքի ազատության չարաշահման դեպքում։
Եթե դա ապացուցվի ու վերագրվի գործատուին, այսինքն՝ ակումբին, ապա, իմ կարծիքով, սա բավական լուրջ փաստարկ կլինի պայմանագրի խզումն արդարացնելու համար։
Վեճի դեպքում այնպիսի մարմինները, ինչպիսիք են Տնօրենների խորհուրդը կամ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական հանձնաժողովը, պետք է լուծեն այս հարցը՝ հաշվի առնելով գործում առկա նյութերը: Նրանք ունեն վերջին խոսքը»,- Վասինի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Նշվում է, որ պայմանագրի խզման դեպքում ՊՍԺ-ն պարտավոր կլինի ֆուտբոլիստին վճարել իրեն հասանելիք ամբողջ աշխատավարձը մինչև պայմանագրի ավարտը։ Մբապեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը և կարող է երկարաձգվել մեկ մրցաշրջանով։
























































