Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանից, հայտնում է Sport Bild-ը: Դժգոհության համար 3 հիմնական պատճառ կա:
Առաջինը լավ մարզչական որոշումների ոչ բավարար քանակն է՝ անհաջող դասավորվող խաղերի ընթացքում: Օրինակ, ֆուտբոլիստները դժգոհ են, թե ինչպես էր նա ղեկավարում թիմը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդսլիգայի 9-րդ տուրի խաղում:
Երկրորդ պատճառը կապված է կազմի ռոտացիայի և խաղերի ընթացքում մարզչի կատարած փոխարինումների հետ, որոնք հարցեր են առաջացնում թիմի մոտ: Հաղորդվում է, որ մարզիչն «Ինտերի» դեմ խաղում մեկնարկային կազմում տեղ է խոստացել Ջամալ Մուսիալային, բայց արդյունքում 19-ամյա գերմանացուն թողել է պահեստայինների նստարանին: «Բավարրիայի» կիսապաշտպանը համաձայնվել է մարզչի որոշման հետ, բայց մյունխենյան ակումբի առաջատարների հետ զրույցում հայտնել է իր հիասթափությունը:
Վերջին պատճառն էլ երիտասարդ մարզչի պահվածքն է: Նագելսմանն արդեն սկսել է ավելի համեստ հագնվել պաղերին՝ իր ոճաբանի քննադատությունից հետո, բայց «Բավարիայի» աստղերին անհանգստացնում են խաղերի ընթացքում մասնագետի իմպուլսիվ բացականչությունները:
























































