Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, հավանական է, ուղեղի ցնցում է ստացել Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (2-2): Այս մասին հայտնում է Mirror-ը։
Խաղային դրվագներից մեկում Դևիսը գնդակի համար պայքարել է դորտմունդիցների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետ։ Կանադացին փորձել է գլխով կանգնեցնել գնդակը, իսկ անգլիացին որոշել է խաղալ՝ ոտքը բարձր պարզած։ Արդյունքում, գնդակի փոխարեն Բելինգեմը ոտքով հարվածել է Դևիսի գլխին։

«Բավարիայի» պաշտպանը բժշկական օգնություն է ստացել և ավարտին է հասցրել առաջին խաղակեսը, բայց ընդմիջմանն, ամեն դեպքում, փոխարինվել է։ Աղբյուրի փոխանցմամբ, Ալֆոնսոն լրացուցիչ հետազոտություն է անցնում հիվանդանոցում։ Կանադացի ֆուտբոլիստի մոտ ուղեղի ցնցում է կասկածվում։
Հատկանշական է, որ Բելինգեմն այս բախման համար նույնիսկ դեղին քարտով չի զգուշացվել, որը նրա համար կդառնար երկրորդն այդ խաղում։
























































