Մյունխենի «Ալյանց-Արենայում» երեկ կայացել է Բունդեսլիգայի 8-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Բավարիան» ընդունել է «Բայերին»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։ Արդեն 3-րդ րոպեին Լերոյ Սանեն բացել է հանդիպման հաշիվը, 17-րդ րոպեին աչքի է ընկել Ջամալ Մուսիալան, 39-րդ րոպեին երրորդ գնդակը խփել է Սադիո Մանեն, իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Թոմաս Մյուլերը՝ հանդիպման 84-րդ րոպեին։
«Բավարիան» վաստակել է 15 միավոր և բարձրացել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Առաջատարը «Ունիոնն» է (17 միավոր), որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Բայերը» 16-րդ տեղում է՝ 5 միավորով։
Նշենք՝ մյունխենցիները Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իրենց ելույթները սկսեցին «Այնտրախտի», «Վոլֆսբուրգի» և «Բոխումի» նկատմամբ վստահ հաղթանակներով, սակայն հետո 4 տուր անընդմեջ չկարողացան հաղթել՝ ոչ-ոքի խաղալով Մյունխենգլադբախի «Բորուսիայի», «Ունիոնի» և «Շտուտգարտի» հետ, ինչպես նաև պարտություն կրելով «Աուգսբուրգից»։