Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Դերենիկ Գաբրիելյանը Կեմերովոյում կայացած սպորտային ֆորումի ընթացքում հայտարարել է՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պետք է զգուշորեն վերաբերվի բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հեռացնելու հարցին, ինչպես նաև ՄՕԿ-ին կոչ է արել վերանայել ռուս մարզիկների հանդեպ պատժամիջոցները:
«Դիմում եմ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին և խնդրում մի քանի հարց վերանայել: Առաջինը պետք է խնդրեմ փոփոխել ՄՕԿ-ի դիրքորոշումը ռուս և բելառուս մարզիկների պատժամիջոցների վերաբերյալ: Պետք է խնդրեմ փոխել այդ որոշումը, ինչպես նաև իմաստուն և զգույշ վերաբերվել բռնցքամարտն օլիմպիական ծրագրից հեռացնելուն և վերականգնել բռնցքամարտն օլիմպիական շարժման մեջ: Ումար Կրեմլյովը կարողացել է միավորել աշխարհի երկրների 95 տոկոսը:
Եթե կա հիվանդություն, ապա կա բուժման միջոց: Վստահ եմ՝ այդ միջոցը սպորտն է՝ քաղաքականությունից դուրս, ինչպես նաև խաղաղությունն աշխարհում»,- ասել է նա:
Փետրվարի 28-ին ՄՕԿ-ը միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ է տվել ռուս և բելառուս մարզիկներին թույլ չտալ մասնակցել մրցաշարերին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով:
Սեպտեմբերի 8-ին էլ ՄՕԿ-ը հայտարարություն տարածեց, որում իր անհանգստությունն է հայտնել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) ղեկավարման խորհրդում ստեղծված իրավիճակով: Մասնավորապես, ՄՕԿ-ն ընդգծել է, որ իր դիրքորոշում չի փոխել բռնցքամարտն 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից բացառելու հետ կապված, քանի որ IBA-ում բարեփոխումներ չեն ընթանում: