Եկող տարվա մայիսին Հնդկաստանի Մումբայ քաղաքում նախատեսված ՄՕԿ-ի հերթական նիստում պետք է որոշվեր 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Բայց միջոցառումը չորս ամսով հետաձգվել է և կանցկացվի սեպտեմբերին: Պատճառն այս անգամ ոչ թէ համավարակն է, այլ Հնդկաստանի ԱՕԿ-ում առկա ներքին անհամաձայնությունները: Հարցի առթիվ ՄՕԿ-ը վերջին զգուշացումն է արել Հնդկաստանի ԱՕԿ-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ի դեպ, 2030թ. խաղերը հյուրընկալելու ցանկություն ունեն Կանադայի Վանկուվերն ու Ուիսլերը, Ճապոնիայի Սապորոն և ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին:
Ճապոնացիների մեծամասնությունը կողմ է ձմեռային մարզահանդեսն անցկացնել երկրի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու գլխավոր քաղաք Սապորոյում: Այդ մասին անցկացվել է հարցում՝ հեռախոսով, պատահական համակարգչային ընտրանքի մեթոդով, որին մասնակցել է 1462 մարդ։
Օլիմպիական խաղերի անցկացմանը կողմ է արտահայտվել հարցվածների 55%-ը, դեմ՝ 38%-ը։
Նշենք, որ Սապորոն 1972թ. արդեն ընդունել է ձմեռային օլիմպիական խաղերը: