Անգլիական Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցել է «Նորվիչ Սիթիի» հետ ու 1:0 հաշվով հաղթանակ տարել. միակ գոլն իր ակտիվում գրանցել է Սադիո Մանեն:
«Լիվերպուլը», ԱՊԼ-ում տանելով 17-րդ անընդմեջ հաղթանակը, կրկնել է սեփական հաղթական սերիան, որը ձգվել է 2019-ի մարտից հոկտեմբեր ամիսներին: ԱՊԼ-ում հաղթանակների ամենաերկար շարքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին», որ ԱՊԼ-ի 18 անընդմեջ խաղում է հաղթել 2017-ի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է Opta-ն՝ «Թվիթերում»:
«Լիվերպուլի» անպարտելիության շարքն ԱՊԼ-ում արդեն 43 խաղ է կազմում:
Մերսիսայդցիները, 26 խաղից հետո վաստակելով 76 միավոր, գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Անգլիայի առաջնությունում հաղթելու համար Յուրգեն Կլոպի թիմին 5 անընդմեջ հաղթանակ է անհրաժեշտ. այդ ժամանակ նրանք կգրանցեն Անգլիայի առաջնության պատմության ամենավաղ չեմպիոնությունը:
Հաջորդ 5 խաղում «Լիվերպուլը» կմրցի «Վեսթ Հեմի», «Ուոթֆորդի», «Բորնմուտի», «Էվերտոնի» և «Քրիսթալ Փելասի» հետ: