Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Երևան ժամանելուց հետո պատասխանել է «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված լրագրողների հարցերին։
«Վնասվածքից հետո առաջին լուրջ մրցաշարն էր։ Շատ կարևոր էր, որ վնասվածքը չկրկնվի: Լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում: Մինչև եզրափակիչ բոլոր գոտեմարտերը մեկ շնչով են անցել: Հանդիպել եմ իմ հիմնական հակառակորդներին, որոնց նաև Oլիմպիական խաղերում կհանդիպեմ:
Այո՛, լավ մարզավիճակում եմ, բայց ավելացնելու տեղ կա։ Կաշխատեմ, որպեսզի ավելի լավ վիճակում լինեմ Օլիմպիական խաղերի ժամանակ: Կարևորը առանց վնասվածքների մոտենամ Տոկիո-2020-ին: Այս տարվա գլխավոր մրցումներն Oլիմպիական խաղերն են, մեկ շաբաթից կսկսենք հավաքները:
Մինչև Oլիմպիական խաղեր ևս մեկ միջազգային մրցաշարի կմասնակցեմ: Բոլոր հնարավոր տիտղոսները ունեմ, բայց կանգ չեմ առնում, գնում եմ առաջ: Ինձ իմ ժողովուրդն է մոտիվացնում, այն մարդիկ, ովքեր այսօր եկել են ինձ դիմավորելու:
Հոգեբանորեն ավելի հանգիստ կսկսեմ պատրաստվել Oլիմպիական խաղերին, քան այն մարդիկ, ովքեր դեռ վարկանիշ չունեն: 1-2 ամիս հետո են լինելու վարկանիշային մրցաշարերը: Զգում էի, որ այն մարզավիճակում եմ, որ դժվար կլինի ինձնից միավոր վերցնելը»,-ասել է Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում։