Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում ընթացող Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 11-րդ տուրում մրցել է Իսպանիայի հավաքականի հետ և 2.5:1,5 հաշվով հաղթանակ տարել:
Վերջնարդյունքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 19 միավորով: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին, որն այս տուրում հաղթել է Նիդերլանդներին և նույնքան՝ 19 միավորով հռչակվել չեմպիոն:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5),Ադրբեջանին (3:1) ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3):
Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև առանց առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի:
ԱՄՆ հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Արոնյանը, 6-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային օլիմպիադայում: Բրոնզե մեդալները նվաճել է Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավորով: