Մյունխենում օգոստոսի 11-21-ը կկայանա Եվրոպայի համալիր առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ծրագրում ընդգրկված են աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ սպրինտ, հեծանվավազք, մարմնամարզություն, թիավարություն, ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերը:
Մեր երկրի պատվիրակները նույնպես հանդես կգան այդ ստուգատեսում, մանավանդ, ծրագրում ընդգրկված մարզաձևերում կխաղարկվեն Եվրոպայի առաջնությունների մեդալներ:
Առաջնության 11 օրերի ընթացքում շուրջ 4800 մարզիկ – մարզուհիներ 9 մարզաձևերում կպայքարեն մեդալների 176 հավաքածուի համար:
Միջոցառումը կազմակերպիչ երկիր Գերմանիայի ամենամեծ մարզական իրադարձությունը կհանդիսանա վերջին կես դարի ընթացքում: Այն կդառնա 1972թ. Մյունխենում կայացած ամառային 20-րդ օլիմպիական խաղերի տարեդարձի տոնակատարությունների գագաթնակետը:
Մրցումների զգալի մասը կանցկացվի հենց 1972-ի՝ արդեն արդիականացված մարզահամալիրներում , որտեղ հաշվի են առնվել ժամանակակից պահանջները:
Եվրոպայի առաջին համալիր առաջնությունը տեղի է ունեցել 2018թ. աշխարհամասի երեք քաղաքներում ՝ Գլազգոյում, Էդինբուրգում և Բեռլինում: