«Բավարիայի» և Կանադայի հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դևիսը հայտնել է, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության համար նախատեսված պարգևավճարը կնվիրաբերի բարեգործությանը։
Կանադայի հավաքականը F խմբում կխաղա Բելգիայի, Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականների հետ:
«Կանադան ընդունեց ինձ և իմ ընտանիքին, ինձ ավելի լավ կյանքի հնարավորություն տվեց, օգնեց իրականացնել իմ երազանքները: Ինձ համար պատիվ է խաղալ Կանադայի հավաքականում և ցանկանում եմ հատուցել այդ ամենը: Ես որոշել եմ, որ այն ամենը, ինչ կվաստակեմ այս տարվա Աշխարհի առաջնության ժամանակ, կնվիրաբերեմ բարեգործությանը»,- թվիթերում գրել է 21-ամյա ֆուտբոլիստը։
Դևիսը ծնվել է Գանայի փախստականների ճամբարում, որտեղ նրա ծնողները եկել էին Լիբերիայից։ 2005 թվականին նրա ընտանիքը արտագաղթել է Կանադա, 2017 թվականին Ալֆոնսոն ստացել է այդ երկրի քաղաքացիություն։