ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Դյուդելանժ»-«Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը.
«Շատ ուրախ ենք հաղթանակի համար, արեցինք այն, ինչ պարտավոր էինք: Առաջին խաղում կրած պարտությունից ու հիասթափությունից հետո նպատակ էի դրել ուրախացնել երկրպագուներին: Շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի թիմ և ակումբ ունենք: Փյունիկը երբեք չի հանձնվում: Այո, մենք կարող ենք պարտվել, բայց դրանից հետո ավելի ուժեղանալ: 0-1 հաշվից հետո եկանք այստեղ, մեկ գոլ էլ այստեղ բաց թողեցինք, բայց հետո բնավորություն ցույց տվեցինք որպես թիմ: Սա ֆուտբոլ է, կարող ենք ապագայում պարտվել, բայց մեզ կանգնեցնելը շատ դժվար կլինի»,-ասել է Մելիքյանը:
Խոսելով եվրագավաթներից առաջ մի քանի ֆուտբոլիստների՝ թիմից հեռանալու մասին, Մելիքյանն ասել է. «Մենք մեր ֆուտբոլիստների կատարած աշխատանքը գնահատում ենք, բայց Փյունիկն է նրանց ուժեղացնում. ու մենք ուժեղ ենք որպես թիմ. և անհատները չեն ուժեղացնում մեզ: Շատ էր խոսվում, որ Դեբլեի, Ֆիրմինյոյի կամ Ղազարյանի գնալուց հետո մենք թուլացել ենք, բայց մեր ակումբն է ֆուտբոլիստներին հնարավորություն տալիս առաջընթաց ունենալու: Մենք ունենք լավ նախագահ ու անձնակազմ. ճիշտ ուղու վրա ենք, ճիշտ ենք աշխատում, ինչի արդյունքում էլ հաջողություններ ենք ունենում»,-ասել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ՉԼ 3-րդ փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ: