Լիգա 1-ի 30-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 5-1 հաշվով ջախջախեց «Լորիենին»: Այս խաղում երկուական գոլ խփեցին Կիլիան Մբապեն և Նեյմարը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Լիոնել Մեսսին։
Սա առաջին դեպքն է, երբ բոլոր երեք հարձակվողները նույն խաղում գոլ են խփում փարիզյան ակումբի կազմում:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 27 հանդիպում, դարձել 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նեյմարը 16 խաղում խփել է 7 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Մեսսին անցկացրել է 19 հանդիպում, դարձել 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
ՊՍԺ-ն 30 խաղից 68 միավորով շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
























































