Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» — «ՊՍԺ» (3-1) պատասխան հանդիպման մրցավար Դանի Մակքելին բողոք է գրել ՈւԵՖԱ-ին։ Այդ մասին հայտնում է Goal-ը։
Դրա պատճառը փարիզեցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի պահվածքն էր, ով դժգոհ էր մրցավարությունից։
Ինչպես հայտնում է Marca-ն, Ալ-Խելաիֆին եզրափակիչ սուլիչից հետո փորձել է գնալ մրցավարների սենյակ՝ պահանջներ ներկայացնելու համար։ Ճանապարհին նա բղավել է ու հարվածել տարբեր առարկաներին։ Սակայն Ալ-Խելաիֆին մոլորվել է և ի վերջո մտել է Մադրիդի «Ռեալի» պատվիրակ Կառլոս Դավիլայի սենյակ, ով փորձել է նկարահանել իրավիճակը։ Տեսնելով դա՝ ՊՍԺ-ի նախագահը մոտեցել է նրան՝ բղավելով «Ես քեզ կսպանեմ»։ Քաթարցի գործարարին կանգնեցրել են սեփական թիկնապահները։ Նշվում է, որ ավելի ուշ փարիզեցիների սպորտային տնօրեն Լեոնարդոն պահանջել է, որ տեսանյութը ջնջվի Մադրիդի «Ռեալի» աշխատակցի բջջային հեռախոսից։
Մակքելիի զեկույցում նշվում է, որ Ալ-Խելաիֆին և Լեոնարդոն ագրեսիվ են եղել և փորձել են մտնել մրցավարների սենյակ։ Երբ մրցավարը խնդրել է նրանց հեռանալ, նրանք փակել են դուռը։ Նշվում է, որ տեսանյութը, որը տեսագրել է Մադրիդի «Ռեալի» աշխատակցուհին, ամենայն հավանականությամբ կուղարկվի ՈւԵՖԱ՝ այն ուսումնասիրելու համար։