Շվեյցարացի գործարար Հանսյորգ Ուիսը հայտարարել է, որ առաջարկ է ստացել ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը մտադիր է մոտ ժամանակներս վաճառել «Չելսին»։ Փետրվարի վերջին Աբրամովիչն ակումբի կառավարումը հանձնեց համանուն բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։
«Ինչպես մյուս բոլոր գործարարները, նա նույնպես խուճապի մեջ է։ Աբրամովիչը փորձում է վաճառել Անգլիայի իր բոլոր վիլլաները, նա ցանկանում է արագ ազատվել «Չելսիից». երեքշաբթի օրը ես և ևս երեք հոգի ակումբը գնելու առաջարկ ստացանք։
Մինչ օրս մենք ճշգրիտ գինը չգիտենք, բայց ես լավ պատկերացնում եմ, որ գործընկերներիս հետ ձեռք կբերեմ «Չելսին»։ Ես դա հաստատ մենակ չեմ անի: Պետք է մի քանի օր սպասել, քանի որ հիմա Աբրամովիչը չափազանց մեծ գումար է խնդրում։ Բացի այդ, լոնդոնյան թիմը նրան երկու միլիարդ ֆունտ է պարտք, ինչը նշանակում է, որ նրանք, ովքեր գնում են «Չելսին», պետք է փոխհատուցեն նրան այս գումարը»,- մեջբերում է Ուիսին Goal-ը:
























































