Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Այսօր հանդես կգան գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մեր տղաների համար այս մրցաշարում գլխավորը, ինչպես ասում են, մասնակցությունն է: Միջազգային ֆեդերացիայի մրցակարգի համաձայն, նույնիսկ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու ռեկորդակիրները, մինչ Օլիմպիական խաղեր, պետք է անպայման մասնակցեն վարկանիշային միջազգային վեց մրցաշարի: Ալավերդյանի խոսքով նպատակ չկա հոգնեցնել ծանրորդներին, որոնք պետք է մասնակցեն ավելի կարևոր` Մոսկվայում ապրիլի 2-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Փետրվարի 3-ին ծանրահարթակ ելան մեր երկու պատվիրակները: Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / 160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը: Հրումում նա իր կամքին ենթարկեց 190 կգ և երկամարտի գումարով / 345 կգ / զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը:
Հետաքրքիր է, որ ավելի բարձր` 96 կգ քաշային կարգը ներկայացրած Հակոբ Մկրտչյանը նույնպես երկամարտում՝ հավաքելով 345 կգ / 160 կգ + 185 կգ / և նվաճեց արծաթե մեդալ: