Վերջին շրջանում հայկական հենակետային 2 սպորտաձևերի կարևոր ստուգատեսերը հաճախակի են համընկնում։ 2024 թվականի ձմռան վերջին ամսում ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները քայլեցին կողք կողքի ու հայ երկրպագուներին պարգևեցին բազմաթիվ հուզումնալից ու մեդալառատ երեկոներ։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասին արդեն խոսել ենք։ Հերթը Ծանրամարտինն է։
«Հին աշխարհամասի» ստուգատեսն, ի տարբերություն ըմբշամարտի, վարկանշային էր Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Եվ եթե ըմբիշների շրջանում քիչ թե շատ պարզ է և հասկանալի՝ մարզիկներից ովքեր են պայքարելու այս կամ այն մեդալի համար, ծանրորդներն իրենց քաշային կարգերում լուրջ մրցակցություն են առաջարկում և՛ մրցակիցներին, և՛, որքան էլ զորմանալի է, նաև թիմակիցներին։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա Հայաստանի հավաքականը մեկնել էր 17 ծանրորդով։ Իհարկե, եթե պայքարում չկան Իրանի ու Չինաստանի հավաքականները, որոնց պրոֆեսիոնալ ծանրորդներն իրենց քանակով կարող են նույնիսկ գերազանցել Հայաստանի բնակչությունը, կարելի է պայքարել ամենաբարձր հարգի մեդալների համար բոլոր քաշային կարգերում։ Ոմանք կարողացան զարմացնել նույնիսկ իրենք իրենց, իսկ ոմանց համար Սոֆիան հաջողություն չբերեց։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով, շարքով, կարգով։
Սպասելի ու անսպասելի հաջողությունները
Ամեն անգամ, երբ մրցագորգ, ռինգ (այս պարագայում՝ մրցահարթակ) են դուրս գալիս մեր ներկայացուցիչները, անկախ ամեն ինչից բղավում ենք՝ «ոսկի ենք ունենալու»։ Հետո հաջորդ վայրկյանին սկսում ենք դատել սառն ու ռացիոնալ։ 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանի մոտեցումների ժամանակ բոլորս մատներս խաչ արած էինք ու առանձնապես չէինք էլ ակնկալում, որ նա կկարողանա Եվրոպայի ոսկի նվաճել։ Սակայն ամեն մոտեցումը նախորդից տարբերվում էր հասունությամբ ու վստահությամբ։ Այդպես, 19-ամյա ծանրորդուհին առաջին անգամ իր կարիերայում կանգնեց Եվրոպայի առաջնության պատվո հարթակի ամենավերին աստիճանին՝ դառնալով մրցաշարի հաղթող։ Ելույթից հետո Ալեքսանդրան կիսեց իր ապրումներն մեզ հետ բացառիկ զրույցում։
Մրցաշարում պատանիներից փայլեց նաև Գոռ Սահակյանը։ Նա չունեցավ հավասարը 67 կգ քաշայինների պայքարում՝ երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտի 311 կգ արդյունքով։ Ընդ որում, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր դասավորվում նրա համար։ Պոկում վարժությունում Գոռը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ ֆիքսելով 140 կգ ծանրաձողն ու բավարարվելով միայն փոքր բրոնզով։ Իսկ հետո նա «հրեց» բոլորին ու հրեց բոլորից ուժեղ. 171 կգ արդյունքն ապահովեց նրան և՛ փոքր, և՛ մեծ ոսկե մեդալ։ Եթե հաշվի առնենք, որ Գոռն ընդամենը 20 տարեկան է և արդեն նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, մեր ապագան հուսալի ձեռքերում է, և Օլիմպիական մեդալն անխուսափելի է, բայց ոչ Փարիզ 2024-ում։ Այդ մասին Գոռն անձամբ է հայտարարել։ Քառամյակի գլխավոր ստուգատեսին նա պետք է հայտավորվի 73 կգ քաշային կարգում, ինչն, ըստ նրա, անհնար է։
«Այս օլիմպիական փուլը՝ Փարիզ-2024-ը, բաց կթողնեմ, քանի որ չեմ մասնակցել 73 կգ քաշայինների պայքարին: Ժամանակը շատ քիչ է, որ տեղափոխվեմ օլիմպիական 73 կգ և կարողանամ կիլոգրամներ բարելավեմ: Չեմ շտապում՝ ամեն ինչ առջևում է», — ասել է Գոռ Սահակյանը։
96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը կրկնեց Գոռի Սահակյանի արդյունքը՝ դառնալով կրկնակի չեմպիոն։ Ընդ որում, նրա հիմնական մրցակիցը Դավիթ Հովհաննիսյանն էր (նրա մասին՝ քիչ հետո)։ Հակոբը պոկեց 166 կգ և նվաճեց փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում գրանցեց 209 կգ։ Այս քաշի դեմ կարող էր պայքարել միայն թիմակիցն ու հայրենակիցը, սակայն ամեն ինչ դասավորվեց այլ կերպ, ու Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Բայց, հանուն արդարության պետք է նշել, որ 96 կգ քաշային կարգն օլիմպիական չէ։ Թեպետ Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային էր, բայց Հակոբն ՕԽ-ին չի մասնակցի ու քաշային կարգը չի փոխի, քանի որ Փարիզից հետո հաստատվելու են օլիմպիական նոր քաշային կարգեր։ Փոխարենը՝ նա կպատրաստվի դեկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությանը։
Երբ հայտնի դարձավ, որ Լաշա Տալախաձեն վնասվածք է ստացել, հայ երկրպագուները շփեցին ձեռքերն ու վստահությամբ լցվեցին։ Գերծանր քաշայինների պայքարում Վարազդատ Լալայանը կամ Սիմոն Մարտիրոսյանը հավասարը չեն ունենա։ Այդպես էլ եղավ։ Վրացու բացակայությամբ 455 կգ արդյունքով Վարազդատը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Այս փաստն, իհարկե, ուրախալի է, սակայն ՕԽ ոսկի նվաճելն անչափ բարդ կլինի, քանի որ Լաշայի վնասվածքը լուրջ չէր և նա միանշանակ կմեկնի Փարիզ երրորդ ոսկու հետևից։ Իսկ նրա բարձրացրած կիլոգրամները ԴԵՌ գերազանցում են Լալայանի ցուցանիշներին։
Ինչ խոսք, ուրախացրեց Հռիփսիմե Խուրշուդյանը։ Մեր բազմափորձ ծանրորդուհին մեզ սովորեցրել է հավատալ մեդալի նույնիսկ ամենաանիրական պահերին։
87 կգ քաշայինների պայքարը ոսկու համար անիմաստ էր, քանի որ նորվեգուհի Կոանդա Սոլֆրիդն անմարդկային բարձր քաշեր էր բարձրացնում։ Իսկ ա՛յ բրոնզե մեդալի համար ծավալվեց կատաղի պայքար։ Միանգամից 3 ծանրորդ գրանցեց երկամարտի 227 կգ արդյունքը, սակայն պատվո հարթակին մեծ բրոնզե մեդալով պարգևատրվեց հենց Հռիփսիմե Խուրշուդյանը, քանի որ, կանոնների համաձայն, հավասար քաշ գրանցելու դեպքում ավելի բարձր տեղ է զբաղեցնում այն առաջինը ֆիքսած ծանրորդը։
Վերջին մոտեցումից հետո մրցահարթակում նա հանեց մարզակոշիկներն ու հեռացավ, ինչը խորհրդանշում է մարզական կարիերայի ավարտը։ Հռիփսիմե Խուրշուդյանն արցունքներն աչքերին շնորհակալություն հայտնեց երկրպագուներին և հեռացավ մրցահարթակից։ Բայց Երևան ժամանելուն պես հայտարարեց, որ վնասվածքները բուժելու դեպքերում կարող է վերադառնալ մեծ սպորտ ու մասնակցել նաև աշխարհի առաջնությանը։
Մեդալը լավն էր, բայց հարգն այն չէ
Եղան ծանրորդներ, որոնք կանգնեցին պատվո հարթակին ու հայրենիք վերադարձան որպես Եվրոպայի առաջնության մեդալակիր։ Սակայն այստեղ պետք է խոսել ակնկալիքների մասին։ 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում լավագույնն էր։ Վստահաբար, 205 կգ արդյունքը հրում վարժությունում ամենալավ արդյունքը չէր, որը նա կարող էր ցույց տալ։ Առաջին մոտեցումից հետո նա ձախողեց հաջորդ երկուսը։ Չեմպիոնի համար 2 անգամ անընդմեջ բրոնզե մեդալ նվաճելը լավագույն արդյունքը չէր։
Վստահ էինք, որ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային կարգում կանգնելու էին պատվո հարթակի ամենավերին աստիճաններին, քանի որ Սամվելը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, իսկ Գարիկն այս քաշային կարգի գործող չեմպիոնն էր։ Վերջինս ամեն ինչ լավ սկսեց՝ պոկում վարժությունում նվաճելով փոքր ոսկի, սակայն հրում վարժությունը ձախողեց ու բավարարվեց 5-րդ արդյունքով, ինչը բավարարեց մեծ բրոնզ նվաճելու հարցում։ Գասպարյանը մեր հավաքականի հույսերից մեկն է։ Նա Եվրոպայի չեմպիոն դարձած Տիխոնցովին վերջնահաշվարկում զիջեց ընդամենը 2 կգ, բայց անկասկած, ավելացնելու տեղ ունի։
Սիմոն Մարտիրոսյանի համար կարելի է ափսոսալ անվերջ ու ամեն ինչ։ Մեր հսկայի կյանքն ու կարիերան բաժանվեց երկու մասի՝ չարաբաստիկ ավտովթարից հետո։ Այո, Սոֆիայում նա երկրորդ տեղը գրավեց, սակայն նրա աչքերում այլևս չկա այն խանդավառությունն ու անպարտելի չեմպիոնի հայացքը։ Առաջիկա Օլիմպիական խաղերում մենք պետք է ակնկալենք մեդալ, սակայն գերծանր քաշային կարգ տեղափոխվելուց հետո նրա՝ չեմպիոն դառնալու շանսերը քչացել են, քանի որ մրցակիցներն են շատացել՝ Լաշա, Վարազդատ, Գոռ Մինասյան, գումարած՝ Իրանի ներկայացուցիչները։ Բարդ է լինելու շատ։
Ռաֆիկ Հարությունյանը թեպետ երրորդ տարին անընդմեջ կանգնում է Եվրոպայի առաջնության պատվո հարթակին, սակայն չի հաջողվում կրկնել 2022 թվականին Տիրանայում գրանցած ոսկե արդյունքը։ 81 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը գրանցեց երկամարտի 336 կգ (154+182) արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը: Հարությունյանը պոկում վարժությունում կատարեց երկու հաջող մոտեցում, իսկ հրում վարժությունում՝ մեկ: Բնականաբար, նրանից ակնկալիքները մեծ են։ Այդպես է լինում, երբ մի մարզիկ վայելում է չեմպիոնական բերկրանքը, մեզ էլ փոխանցում է այդ էմոցիաները, հետո մենք նրանից բացառապես ոսկի ենք ակնկալում։
Մեդալին այդքան մոտ, բայց այդքան հեռու
Եվս 5 ծանրորդ դուրս եկավ մրցահարթակ, սակայն փայլել չկարողացավ։ 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը հենց առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ ու դուրս մնաց պայքարից։ Մեր մարզիկներից ամենաթույլը հանդես եկավ Իզաբելլա Յայլյանը՝ զբաղեցնելով միայն 7-րդ տեղը։ Լիանա Գյուրջյանին ու Տաթև Հակոբյանին միայն 1 քայլ չբավականացրեց մեդալ նվաճելու համար։ Ընդ որում, եթե Գյուրջյանի պարագայում ամեն ինչ, մեծ հաշվով, օրինաչափ էր, ապա Տաթև Հակոբյանը ձախողեց հրում վարժությունը, որտեղ միայն 1 անգամ կարողացավ ֆիքսել պատվիրած քաշը, ինչի պատճառով նա այդպես էլ չկանգնեց պատվո հարթակի որևէ աստիճանի։
Անդրանիկ Կարապետյանի կարիերան նման է Սիմոն Մարտիրոսյանի կարիերային։ Սակայն, ի տարբերություն Սիմոնի, Անդրանիկ Կարապետյանի արդյունքները թուլացան որակազրկումից հետո։ Երկար ժամանակ սպորտից հեռու լինելուց ու վնասվածք ստանալուց հետո Անդրանիկ Կարապետյանն այդպես էլ չկարողացավ վերադառնալ իր նախկին մարզավիճակին։ Ինչպես և Էր-Ռիյադում կայացած աշխարհի առաջնությունում, Սոֆիայում էլ Կարապետյանը մեդալ չնվաճեց։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը երկամարտի 10 մեդալով դարձավ Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող՝ նվաճելով 4 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալ:
Ռոբերտ Գասպարյան