Այսօր` մայիսի 24-ին հայտնի կդառնան այն վերջին 4 ակումբները, որոնք ուղղակիորեն կնվաճեն Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգիր։
Ներկայումս հայտնի են 29 թիմերից 25-ը. «Բարսելոնա», «Բավարիա», ՊՍՎ, «Արսենալ», «Ռեալ Մադրիդ», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ, «Բորուսիա Դորտմունդ», «Վիլյառեալ», «Պորտու», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ատլետիկո Մադրիդ», «Լանս», «Գալաթասարայ», «Լայպցիգ», «Ֆեյենորդ», «Շախտյոր», «Բետիս», «Սլավիա», «Աստոն Վիլա», «Շտուտգարտ», «Նապոլի», «Լիլ» և «Բրյուգե»։
Այս ցանկին կմիանան ևս երկու ակումբներ Իտալիայի առաջնության լավագույն քառյակից՝ բացի չեմպիոն դարձած «Ինտերից» և «Նապոլիից», որը թեև դեռ չի ապահովել երկրորդ տեղը, սակայն հաստատ դուրս չի մնա լավագույն քառյակից։ Մնացած տեղերի համար պայքարում են «Միլանը», «Ռոման», «Կոմոն» և «Յուվենտուսը»։
Վճռորոշ տուր Անգլիայում
Մյուս 2 մասնակիցների անունները կորոշվեն Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում: Այստեղ հիմնական ինտրիգը կապված է Եվրոպայի լիգայի հաղթող «Աստոն Վիլայի» (62 միավոր) և «Լիվերպուլի» (59 միավոր) հեռակա պայքարի հետ:
Հնարավոր սցենարները
Եթե բիրմինգհեմյան ակումբը պահպանի 4-րդ տեղը, ապա լիգայի փուլ կմտնի և՛ որպես ԱՊԼ-ի չորրորդ թիմ, և՛ որպես ԵԼ հաղթող: Ըստ կանոնակարգի՝ այս դեպքում ԵԼ-ի հաղթողի տեղը կվերաբաշխվի և կանցնի ՈւԵՖԱ-ի ամենաբարձր վարկանիշն ունեցող այն ակումբին, որն ի սկզբանե հայտնվել էր որակավորման փուլում. դա կլինի պորտուգալական «Սպորտինգը»։ Իսկ Անգլիայի լրացուցիչ ուղեգիրը բաժին կհասնի 5-րդ տեղը զբաղեցրած թիմին: Սակայն, եթե «Աստոն Վիլան» պարտվի և զիջի 4-րդ հորիզոնականը վերջին տուրում հաղթանակ տարած «Լիվերպուլին», մերսիսայդցիները լիգայի փուլ դուրս կգան որպես ԱՊԼ-ի 4-րդ թիմ: Այդ ժամանակ «Աստոն Վիլան» կօգտագործի ԵԼ հաղթողի իր քվոտան, իսկ Անգլիան կպահպանի իր լրացուցիչ ուղեգիրը, որն արդեն կանցնի 6-րդ տեղը զբաղեցրած ակումբին:
Այլ ինտրիգներ
Անգլիական ակումբների վերջնական դասավորվածությունը մեծ ազդեցություն կունենա նաև ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցնող թիմերի վրա: Մասնավորապես, «Աստոն Վիլայի»՝ 5-րդ տեղ նահանջելու դեպքում եվրագավաթների ուղեգիր կստանա անգամ ԱՊԼ-ում 9-րդ տեղը զբաղեցրած ակումբը: Բացի այդ, Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Քրիստալ Փելասի» հաղթանակի պարագայում Անգլիան կարող է ունենալ նաև 10-րդ եվրոպական ներկայացուցիչը: Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում ընդհանուր առմամբ հանդես կգա 36 թիմ, որոնցից վերջին 7-ի անունները կպարզվեն որակավորման փուլի արդյունքներով:




























































