Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը շարունակում է իր ելույթները Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այսօր՝ հուլիսի 30-ին, պայքարի մեջ մտան 77 կգ քաշային աղջիկները, ինչպես նաև 79 և 88 կգ քաշային տղաները։
Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում բարձրացրեց 83 և 88 կգ։ Հրում վարժությունում նա հաջող կատարեց 105 և 110 կգ մոտեցումները։ Երկամարտի 198 կգ արդյունքով՝ Առաքելյանը զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը։
79 կգ քաշային տղաների մրցաշարում Կարապետ Կարապետյանը պոկեց 125 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 155 և 161 կգ։ Հրումում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր։ Երկամարտի 286 կգ արդյունքով նա զբաղեցրեց չորրորդ տեղը։
88 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Ալեն Զուրաբյանն ու Հայկ Հարությունյանը։
Ալեն Զուրաբյանը պոկեց 125 կգ։ Հրումում երեք մոտեցումն էլ հաջող էր՝ 160, 165 և 170 կգ։ Այս վարժությունում նա արժանացավ բրոնզե մեդալի։ Երկամարտի 295 կգ արդյունքով Զուրաբյանը եզրափակեց հնգյակը։
Հայկ Հարությունյանը պոկեց 125 կգ, իսկ հրեց 161 կգ։ Երկամարտի 286 կգ արդյունքով՝ նա զբաղեցրեց վեցերորդ տեղը։




























































