«Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զուման «Նյուքասլի» դեմ խաղում անհարմար իրավիճակում է հայտնվել, երբ մրցակցի հարձակվող Քրիս Վուդն ու ակումբի երկրպագուները ծաղրել են նրան։
Լրագրող Սթեն Կոլիմորը հայտնում է , որ Վուդը մշտապես բացականչել է «մյաու», երբ գտնվել է Կուրտ Զումայի մոտակայքում։ «Վեսթ Հեմի» մեկ այլ պաշտպան՝ Քրեյգ Դոյսոնը փորձել է մրցավարի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին։
«Նյուքասլի» երկրպագուներն էլ տրիբունաներում կատվի կերպարանքով փուչիկներ են պարզել։


Հիշեցնենք՝ վերջերս սկանդալային տեսանյութ էր հրապարակվել, որում Զուման հարվածում է իր կատվին։ Այս արարքի համար «Վեսթ Հեմը» նրան տուգանել է 250 հազար ֆունտով, իսկ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ֆուտբոլիստին չի հրավիրել Ազգային թիմ՝ մարտին կայանալիք խաղերի համար։
Զումայի հայրենիքում էլ նրա դեմ անգամ դատական հայց են ներկայացրել՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
























































