Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Բեպե Մարոտան խոսել է Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձի մասին:
Նա ասել է, որ ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում պորտուգալացու ձեռքբերումները ակումբում, սակայն չի դիտարկում մասնագետի վերադարձի հնարավորությունը։
«Մենք երբեք չենք մտածել այդ հնարավորության մասին: Մենք գնահատում ենք թրեբլը, որը Մոուրինյուն կարողացավ նվաճել «Ինտերի» հետ, բայց դա այն ամենն է, ինչ կարող ենք ասել այդ մասին: Նա ոսկե տառերով գրեց իր անունը «Ինտերի» պատմության մեջ, բայց մենք նրան այլևս չենք հրավիրի»,- մեջբերում է Մարոտային Football Italia-ն։
Մոուրինյուն մարզել է միլանյան թիմը 2008-ից 2010 թվականներին՝ ակումբի հետ երկու անգամ հաղթելով Ա Սերիայում, ինչպես նաև մեկ անգամ հաղթել է Իտալիայի գավաթը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:
























































