Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը հայտարարել է Մարոկկոյի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Կիսապաշտպանը գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով դուրս է մնացել թիմի կազմից՝ Աֆրիկայի ազգերի Գավաթում:
«Ես չեմ վերադառնա Մարոկկոյի հավաքական և դա իմ վերջնական որոշումն է: Ինձ համար պարզ է ,թե այնտեղ գործերն ինչպես են ընթանում, և ես որոշել եմ կենտրոնանալ իմ ակումբային գործերի վրա: Վերջիվերջո, դա մարզչի որոշումն է, և ես պետք է դա հարգեմ:
Բայց իր հետ կապված ամբողջ սուտն ինձ համար ակնհայտ է, չեմ վերադառնա հավաքական: Ես հասկանում և ցավում եմ երկրպագուների համար , բայց մենք նման իրավիճակում ենք հայտնվել»,- ասել է 28-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Հալիլհոջիչն ավելի վաղ, խոսելով Զիեշի մասին, մասնավորապես ասել էր. «Ինձ պետք չէ ֆուտբոլիստ, որը խառնելու է մթնոլորտը ներսից, նույնիսկ եթե այդ խաղացողի անունը լինի Լիոնել Մեսսի: Զիեշի պահվածքն ու վարքագիծը որևէ աղերս չունեն հավաքականի հետ: Նա չի ուզում մարզվել, չի ուզում խաղալ: Նա այդ ամենին լուրջ չի մոտենում»:
Զիեշը Մարոկկոյի հավաքականի կազմում 40 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ: Ավելի վաղ նա հանդես է եկել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականների կազմում:
























































