Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Իտալիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 2-0 հաշվով հաղթեց Հունաստանին: Իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի համար սա արդեն 8-րդ անընդմեջ հաղթանակն էր թիմի ղեկին. նրան մեկ քայլ է բաժանում ազգային ռեկորդը կրկնելուց: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Իտալիայի հավաքականի մարզիչների շրջանում ամենաերկար հաղթական շարքը կազմել է 9 խաղ: Այդ արդյունքը «սկուադրա աձուրան» կարողացել է ցույց տալ 1938/39 մրցաշրջանում, երբ գլխավոր մարզիչը Վիտտորիո Պոձոն էր:
Մանչինին տարբեր մրցաշարերում արդեն 8 անընդմեջ հաղթանակ է տարել ու կարող է կրկնել Պոձոյի ցուցանիշը, եթե թիմը հոկտեմբերի 15-ին հաղթի Լիխտենշտեյնին:
Հունաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը Իտալիայի ընտրանուն թույլ տվեց ապահովել Եվրո-2020-ի ուղեգիրը: