Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆուտբոլային խաղի վրա կատարած կեղծ խաղադրույքների խոշոր դեպք է բացահայտվել։
Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին, երբ համակարգի խափանման պատճառով խաղադրույք է կատարվել ավարտված խաղի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Նյու-Ջերսիում։ 2021 թվականի մայիսի 13-ին «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայացած խաղից հետո մի շարք անձինք խաղադրույք են կատարել, որ մանկունիանցիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կդառնա գոլի հեղինակ։
Այդ խաղում «կարմիր սատանաները» պարտվել են 2-4 հաշվով, սակայն Ռեշֆորդն իսկապես դարձել է գոլի հեղինակ։ Խնդիրը կայանում է նրանում, որ շահած կտրոնների վրա նշված է եղել այլ ամսաթիվ՝ մայիսի 14։ Ընդհանուր առմամբ միևնույն խաղադրույքը կատարել է 86 մարդ, որի արդյունքում ընդհանուր շահումը կազմել է 15 հազար դոլար։
Դեպքի բացահայտվելուց հետո բոլոր խաղադրույքները չեղյալ են համարվել, իսկ սխալ խաղադրույքներ ընդունած երկու աշխատակիցները ենթարկվել են խոշոր տուգանքների։