Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որոշել է հեռանալ ղազախական ակումբից: Այս մասին, Meta-ratings.kz-ին հղում կատարելով, հայտնում է ղազախ լրագրող Այդին Կոժախմետը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բարսեղյանը չի երկարաձգի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ:
28-ամյա կիսապաշտպանն «Աստանայի» կազմում 2 մրցաշրջան է անցկացրել, ՂՊԼ-ի 43 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:
Նշվում է, որ Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են սլովակական «Սլովանը», ինչպես նաև ռուսական մի քանի ակումբներ: Հայ լրագրող Ռոբերտ Գասպարյանն էլ, Թվիթերի իր էջում կատարած գրառմամբ, հայտնում է, որ Բարսեղյանը կարիերան կշարունակի իսպանական «Էսպանյոլում»:
Հիշեցնենք՝ Բարսեղյանն օրերս 1 ամսով որակազրկվեց «Կայրաթի» դեմ խաղում ցուցադրած անպարկեշտ ժեստի համար: Տեսականորեն, Բարսեղյանը դեռ կարող է մասնակցել Ղազախստանի Գավաթի եզրափակչին, եթե ակումբն այնտեղ հայտնվի: Բայց, մեծ է հավանականությունը, որ «Կայրաթի» դեմ խաղը վերջինը լինի հայ ֆուտբոլիստի համար «Աստանայի» կազմում: