«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, թե ինչու է հեռացվել թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը.
««Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղից հետո մենք որոշեցինք հեռացնել Կումանին: Մենք շնորհակալ ենք մասնագետին՝ շատ ծանր ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար: Նա «Բարսելոնայի» լեգենդն է. մենք դա երբեք չենք մոռանա: Նա հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Կումանը չի շարունակում աշխատանքը վատ արդյունքների պատճառով: Իրավիճակն այլևս վերահսկելի չէր: Մենք շարունակում ենք պայքարել բոլոր ուղղություններով: Մարզչի հեռացումը կապված է միայն թիմի անհաջող ելույթներով»,-Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը «Բարսան» գլխավորեց 2020 թ-ի օգոստոսին: 2020/21 մրցաշրջանում կատալոնական ակումբը նվաճեց երկրի գավաթը, իսկ ներքին առաջնությունում գրավեց երրորդ հորիզոնականը: