Քաթարական «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավիի պայմանագրում չկա կետ այն մասին, որի համաձայն նա կարող է առանց խոչընդոտների տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Չավիի նախորդ պայմանագրում կետ կար, ըստ որի նա կարող էր խզել պայմանագիրը, եթե առաջարկ ստանար կատալոնական ակումբից: Սակայն գործող պայմանագրում նման կետ չկա, բայց կա հրաժարագնի վերաբերյալ կետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե ակումբը դրական արդյունքի չհասնի սեպտեմբերին կայանալիք «Գրանադայի», «Կադիսի» և «Լևանտեի» հետ Իսպանիայի առաջնության խաղերում, ինչպես նաև «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում, ապա Ժոան Լապորտան պաշտոնանկ կանի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին:
Անցած ամիս կապտանռնագույնների նախագահ Ժոան Լապորտան կասկածում էր Կումանի հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությանը: Նիդերլանդցի մասնագետի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: