«Քաղաքային իշխանությունն իր հերթին պարտավորվել է բարելավել պայմանները՝ կառուցելով նոր մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի լիարժեք մարզվել ու անցկացնել նաև միջազգային առաջնություններ»․ այս մասին այսօր հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Արթուր Դավթյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, նկատել է, որ, անկախ պայմաններից, բոլոր մարզիկները մշտապես փորձում են լավագույնս ներկայանալ:
Հանդիպմանը ներկա Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանության կողմից նման ուշադրությունն ու վերաբերմունքը ոգևորող է, իսկ նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց ունենալը՝ գլխավոր երազանք:
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանը 2020 թվականի սեպտեմբերի սկզբին այցելել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց ու նշել, որ թեև Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, բայց սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակչում բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին պարգևատրել է «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով:
Իսկ մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին հանձնվել է քաղաքապետի պատվոգիր: