Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլը հաղթական է ստացվել Հայաստանի ազգային հավաքականի համար:
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը հերթական անգամ ապացուցել է իր բարձր կարգը՝ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը։
Հենացատկի վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը ցուցադրել է անթերի ելույթ՝ վաստակելով 14.666 միավոր և զբաղեցնելով պատվո հարթակի առաջին աստիճանը։ Նա վստահորեն շրջանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Ղազախստանի ներկայացուցիչ Ասան Սալիմովին (14.083 միավոր) և լավագույն եռյակը եզրափակած չեխ Յոնաս Դանեկին (14.016 միավոր)։
Կահիրեի մրցահարթակում տպավորիչ արդյունքներ են գրանցել նաև մեր ընտրանու մյուս անդամները։ Ավելի վաղ նժույգ-թափեր վարժությունում հավասարը չէր ունեցել Համլետ Մանուկյանը, ով վաստակելով 14.800 միավոր՝ հռչակվել էր Աշխարհի գավաթի այս փուլի հաղթող։
Օղակների վարժությունում հաջողության էր հասել Արթուր Ավետիսյանը՝ իր ակտիվում գրանցելով 14.300 միավոր և արժանանալով արծաթե պարգևի։




























































