«Բարսելոնայի» սան Սեսկ Ֆաբրեգասը արձագանքել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբից հեռանալուն։
«Միշտ կհիշեմ այն օրը, երբ մտար հանդերձարան, այդ ժամանակ ես 13 տարեկան էի։ Մեզ ասել էին, որ Արգենտինայից տղա է եկել թիմ՝ փորձաշրջան անցնելու։ Դու նստեցիր ու ողջ ընթացքում չէիր խոսում։ Մարզիչն ասում էր, որ մեն-մենակ առաջադրանքի ժամանակ քո դեմ կոշտ գործեմ։ Այնքան փոքր էիր, որ մտածում էի մի վայրկյանում քեզնից գնդակը կխլեմ։ Հիմար միտք էր իմ կողմից։ Դուրս եկա խաղադաշտ ու այդ ժամանակ միայն հասկացա, որ քո մեջ յուրահատուկ ինչ-որ բան կա։
Արդյունքում սկսեցինք միասին խաղալ։ Այն կապը, որ ստեղծվեց մեր միջև, ու այն, թե ես ինչպես էի զգում ֆուտբոլը՝ քո կողքին կեղծ «9» համարի դիրքում խաղալով, ապացուցում է, որ արժեր։
«Բարսելոնան» առանց քեզ էլ երբեք առաջվանը չի լինի։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ տվել ես ու քո՝ այդպիսին լինելու համար, որովհետև խաղադաշտի գազանի հետևում համեստ, մտերիմ ու ազնիվ մարդ է թաքնված։
Ամբողջ սրտով քեզ ու ընտանիքիդ լավագույնն եմ մաղթում։ Վստահ եմ՝ ուր էլ գնաս, երջանիկ ես լինելու։ Սիրում եմ քեզ»,- գրել է Ֆաբրեգասը թվիթերյան իր էջում։