Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ ակումբը մտադիր չէ նոր ֆուտբոլիստների ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում.
«Չեմ կարծում, թե մենք որևէ մեկի հետ պայմանագիր կկնքենք հունվարին, բայց ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Մինչև հունվարի 31-ը ինչ-որ մեկը կարող է հեռանալ, ինչ-որ մեկն էլ գալ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն;
Զիդանը խոսել է բրազիլական «Ֆլամենգոյի» 18-ամյա կիսապաշտպան Ժեզուս Ռեյնիերի մասին.
«Ռեյնիերը «Ռեալի» ապագա ֆուտբոլիստն է, նա դեռ մեզ հետ չէ: Երբ նա գա, կտեսնի, թե ինչպես ենք խաղում: Տեխնիկապես նա շատ լավ խաղացող է, բայց ես նախընտրում եմ սպասել ու տեսնել նրան այստեղ: Հոգևոր հանգստության համար»,- ավելացրել է ֆրանսիացի մասնագետը:
«Ռեալը», 20 խաղից հետո վաստակելով 43 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հաջորդ հանդիպումն «Արքայական ակումբը» կանցկացնի հունվարի 26-ին` մրցելով «Վալյադոլիդի» հետ: