Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» ընդունել էր Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-1 հաշվով։
Հանդիպման առաջին կեսում շատ ակտիվ էին գործում մեր ֆուտբոլիստները, սակայն նրանց ստեղծած պահերից և ոչ մեկը գոլի չվերածվեց։ Մրցակիցը, կարծես, ուժերը խնայում էր երկրորդ կեսի համար։ Երկրորդ կեսն ակտիվ մեկնարկած մրցակիցը հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ կարողացավ անցնել մեր պաշտպանությունն ու «Շերիֆի» փորձառու ֆուտբոլիստ Էնրիկե Լուվանորը գրավեց Յուրչենկոյի դարպասը։
Պետք է նշել, որ մեր չեմպիոնը երկրորդ կեսում ևս վտանգավոր պահեր ստեղծեց, բայց ֆուտբոլիստները հաճախ տարվում էին անհատական խաղով կամ տպավորություն ստեղծում, թե չգիտեն ինչ անել գնդակի հետ վերջին պահին։
Այսպիսով, պատասխան խաղին մեր թիմը մոտենում է պարտվածի կարգավիճակով։