Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում կհանդիպի մոլդովական «Շերիֆին»։
Եկեք տեսնենք՝ ինչ գիտենք մեր մրցակցի մասին։
🏆Սկսենք նրանից, որ «Շերիֆը» Մոլդովայի ամենատիտղոսակիր ակումբն է։ Այն հիմնադրվել է 1997 թվականի ապրիլի 4-ին և ներկայացնում է Տիրասպոլ քաղաքը։ Թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է 2020 թվականին բացված համանուն մարզահամալիրում, որի գլխավոր արենան Մոլդովայի խոշորագույն ֆուտբոլային մարզադաշտն է։
❗«Շերիֆի» ներկայիս կազմի մեծ մասը լեգիոներներ են, թեև քիչ թիվ չեն կազմում նաև տեղացի ֆուտբոլիստները։ Թիմի խաղացողների գերակշիռ մասը երիտասարդներ են, բայց նրանց կողքին խաղում են նաև 38-ամյա Սերգեյ Պաշչենկոն և 31-ամյա Էնրիկե Լուվանորը։ «Շերիֆում» կարող ենք տեսնել նաև Կրիշտիանուին, որը 27-ամյա բրազիլացի պաշտպան է։
💵Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ըստ Transfermarkt պորտալի, հայկական թիմի մրցակցի ամբողջական կազմը գնահատվում է 11,63 մլն եվրո։ Թիմի կազմում ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են կոլումբիացիներ Հանսել Զապատան և Ֆրանկ Կաստանեդան։ Առաջինը հանդես է գալիս կիսապաշտպանությունում, իսկ երկրորդը՝ հարձակվող է, ինչպես նաև թիմի ավագը։ Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 1 միլիոն եվրո։ Երրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը բրազիլական արմատներ ունեցող կիսապաշտպան Լուվանորն է (800 հազար եվրո), որն ունի նաև Մոլդովայի քաղաքացիություն և Մոլդովայի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ «Շերիֆի» կազմը գրեթե 2,5 անգամ ավելի թանկ արժե, քան Մոլդովայի առաջնության երկրորդ ակումբի կազմը նմանատիպ ցուցանիշով («ՖԱ Պետրոկուբ»)։
Իսկ ահա «Ալաշկերտի» կազմը գնահատվում է գրեթե երկու անգամ պակաս՝ 5,83 մլն եվրո․ այդ ցուցանիշով Ալեքսանդր Գրիգորյանի թիմը լավագույնն է ՀՊԼ-ում։
⚽Հարկ է նշել, որ արդեն մեկնարկել է Մոլդովայի առաջնությունն ու մեր մրցակիցը երկու ճակատով է պայքար մղում։ Ավելին, ներքին առաջնության առաջին տուրի խաղում «Շերիֆը» հուլիսի 1-ին նվազագույն հաշվով պարտվել է «Բալթիին»։ Սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ դրանից հետո կայացած ՉԼ առաջին որակավորման փուլում ընդհանուր 5-0 հաշվով հաղթել է ալբանական «Տեուտային» ու արդեն այսօր իր ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։
🇦🇲Այսպիսով, հանդիպում ենք այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ օգնելու մեր թիմին հաղթահարել Մոլդովայի չեմպիոնի արգելքը։ Խաղի սկիզբը 19:00-ին է։
Ստելլա Բաբլոյան