ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան հերթական ժողովում անդրադարձել է մրցավարության թեմային։ ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ այս ոլորտում առաջընթաց են նկատում, ինչի մասին փաստում են նաև միջազգային գործընկերները․
«Վերջին տարվա ընթացքում մենք գնացել ենք Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարների երիտասարդացման ճանապարհով, ինչը բնականաբար շատ դժվար ճանապարհ էր և պետք է որոշակի խնդիրներ առաջացներ, բայց սա այն ճանապարհն է, որը պետք է մեզ օգնի հետագայում այս ոլորտում զարգացում ապահովել։
Որպես ապացույց, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, պետք է նշեմ, որ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստանն այսօր կրկին ՖԻՖԱ-ի 3 գլխավոր մրցավար ունի։ Խոսքը տղամարդկանց մասին է։ Սա ոչ թե մրցավարների թվի ձևական ավելացում է, այլ փաստացի հուլիս ամիսին մեր երեք մրցավարական բրիգադ կսպասարկի չորս միջազգային հանդիպում, մենք վաղուց այս քանակի նշանակում չէինք ստացել։ Երկու նորեկները՝ ՖԻՖԱ-ի մրցավարներ Հենրիկ Նալբանդյանն ու Աշոտ Ղալթաղչյանը կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ, Զավեն Հովհաննիսյանը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի մեկ հանդիպում է ստացել, ևս մեկ խաղ արդեն Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում։
Սա վկայում է այն մասին, որ մեր մրցավարների աճին հետևում են, գնահատում են։ Կարծում եմ՝ միջազգային հանդիպումենր սպասարկելով՝ մեր մրցավարների որակը պետք է բարձրանա, ու հաջորդ տարի արդեն ավելի ամուր հանդես կգան մեր մրցավարները»,-ասել է Արմեն Մելիքբեկյանն ու ընդգծել, որ իրենք արդեն աշխատանքներ են տանում VAR համակարգը Հայաստանի առաջնության հանդիպումներում ներդնելու ուղղությամբ։
«Մեկնարկել ենք VAR համակարգի ներդրման աշխատանքները։ Դրանք կտևեն 8-10 ամիս։ Հույս ունենք, որ արդեն 2022 թվականին կկարողանանք Հայաստանի առաջնության խաղերին փորձարկել VAR համակարգը։ Դա բավականին բարդ գործընթաց է, որը կապված է ոչ միայն տեխնիկական միջոցների ձեռքբերման, այլև մրցավարների վերապատրաստման և կրթության հետ։ Բայց մենք դժվարություններից չենք վախենում։ Գնում ենք այդ ճանապարհով ու պատրաստ ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Կարծում եմ՝ դա ակնհայտորեն կաջակցի մեզ հաջորդ առաջնությունները ավելի լավ անցկացնելու համար։ Տեսնում ենք, թե դա որքան է օգնում մրցավարներին»,- եզրափակել է իր խոսքը Արմեն Մելիքբեկյանը։