Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մանրամասներ է պատմել ակումբի հետ իր բանակցություններին։ Ամսվա վերջում «սերուցքայինների» ավագը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից։
«Ինձ համար առաջնային տարբերակը մնալն էր։ Ինձ առաջարկել էին երկարաձգել պայմանագիրը մեկ տարով ու կրճատված աշխատավարձով։ Փողը խնդիր չէր, բայց ես երկու տարվա պայմանագիր էի ուզում։ Կրկնում եմ, հարցը փողը չէր։ Արդյունքում ես ընդունեցի առաջարկը, բայց ակումբը տեղեկացրեց, որ այն արդեն ուժի մեջ չէ։ Առաջարկը ժամկետ ուներ, և ես այդ մասին չգիտեի։
Կարծում եմ՝ ես երկու տարվա երկարաձգման էի արժանի, բայց ակումբը չհամաձայնեց, դրա համար ամեն ինչ ավարտվեց։ Զարմացել էի, որ առաջարկը դադարեց գործել։ Ինձ երբեք չեն ասել, որ այն ժամկետ ունի։ Ես այդ մասին իմացա, երբ ասացի, որ համաձայն եմ մեկ տարվա պայմանագրին։ Զարմացած եմ ու չգիտեմ՝ ինչու այսպես եղավ։ Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Madrid Zone-ը։